Երեւանի քաղաքապետարանը պետք է հաշվարկեր եւ վճարեր «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկի ավելացված արժեքի հարկը, որը չի արել` այսպիսով խուսափել է կատարել իր հարկային պարտավարությունները: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ըստ էության մեկ տարի շարունակ քննարկումներ են  ընթացել քաղաքապետարանի եւ ՊԵԿ-ի միջեւ եւ քաղաքապետարանը փորձել է այսպես մի սպեկուլյատիվ հնարք գործադրել` ներկայացնելով աղբահանության հիմնարկը որպես կառավարչական հիմնարկ: Մինչդեռ ՊԵԿ-ը հստակեցրել է, որ այն ենթակա չէ ավելացված արժեքի հարկից ազատման, չկա նման արտոնություն օրենքով սահմանված եւ քաղաքապետարանը պարտավոր է այն վճարել: Մյուս կողմից էլ պետք է նկատի ունենանք, որ մեկ տարի եւ ավել ժամանակահատված շարունակ քաղաքապետարանը ըստ էության չի կատարել իր հարկային պարտավորությունները` պետությանը հասցնելով էական վնաս եւ քրեական օրնսգրքով կա համապատասխան հոդված, որով սահմանվում է պատիժ` խոշոր չափի հարկեր չվճարելու համար: Հիմա տվյալ դեպքում խոսքը գնում է համայնքային կառույցի մասին, սակայն օրենքի տեսանկյունից որեւէ տարբերություն չկա, որովհետեւ եթե այդպես վարվեր որեւէ համայնքի ղեկավար, ով չէր հանդիսանում այս իշխանությունների քաղաքական թիմից, ապա անմիջապես կհարուցեին քրեական գործ, համոզված եմ նաեւ խափանման միջոց կընտրեին եւ կներկայացնեի այնպես, որ այս  համայնքի ղեկավարը զիօնվորի հացն է գողացել` չվճարելով պետության հարկերը: Հիմա նույնը տեղի է ունենում քաղաքապետարանի դեպքում, սակայն որեւէ տարբերություն չկա»,-ասաց նա:

Խաժակյանի կարծիքով` եթե քաղաքապետարանը վճարեր այդ հարկային պարտավորությունները, ինչպես ժամանակին անում էր «Սանիթեք»-ը, ապա պարզ կլիներ, որ աղբահանության համար ավելի թանկ ենք վճարում, քան նախկինում:

«Եւ արդեն պարզ կլիներ, որ քաղաքապետարանը խնդիրը լուծել էր, ոչ թե եղած միջոցների սահմաններում, այլ ավելացրել է բյուջեն եւ դրա շրջանակում է, որ կարողանում է ավելի լավ ծառայությունը: Իսկ դա ակնհայտ է, որ միշտ էլ կարելի է ավելի թանկ վճարել եւ լավ արդյունքի հասնել»,-ասաց նա:

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը Քաղաքապետարանին տեղեկացնում է, որ վերջինս ունի չկատարած հարկային՝ ընդհանուր 4096003 դրամ գումարի պարտավորություններ, որից 4083752 դրամը՝ ապառք, իսկ 12251 դրամը՝ տույժ: Ըստ էության քաղաքապետարանը չի կատարել իր մեկ այլ պարտավորություն ևս՝ հրաժարվել է տրամադրել ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տեղեկատվությունը։

Ծանուցման մեջ հայտնվում է, որ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» (ՀՎՀՀ 02697772) հիմնարկի նկատմամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէ։ Աղբահանության հիմնարկը գործում է ավելի քան մեկ տարի, և, փաստորեն, այդ ամբողջ ժամանակահատվածում խուսափել է կատարել իր հարկային պարտավորությունները, ինչով պետությանը պատճառվել է էական վնաս։