Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 16:20-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արտենի-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջակողմյան հատված և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչ, 35-ամյա Արևիկ Մ.-ն, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 60-ամյա Վերա Մ.-ն, 5-ամյա Սամվել Մ.-ն և 86-ամյա Մարմար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն:

Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննությունն ավարտել էր և ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Թալինի բաժին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Մարմար Մ.-ն մահացել է:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Հ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին: