Բեռլինը՝ Մոսկվային կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը հետաքննելու համար, միևնույն ժամանակ դիտավորյալ ձգձգում է այդ գործընթացը՝ չպատասխանելով Ռուսաստանի հարցմանը: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշել է դիվանագետը, Բեռլինի արդարադատության վարչությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններից Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հարցումը, որն ուղարկվել էր օգոստոսի 27-ին, ստացել է միայն անցյալ ուրբաթ:

«Ո՞ւր է այդ շտապողականությունը, որը դուք պնդում եք: Այն չի բավարարում հենց գերմանական կողմին: Պատասխան չուղարկելով ՝ Բեռլինը դանդաղեցնում է հետաքննության ընթացքը, որը ինքն է պահանջում: Հատո՞ւկ: Եթե ԳԴՀ կառավարությունն անկեղծ է իր հայտարարություններում, ապա նա ինքը պետք է շահագրգռված լինի հնարավորինս շուտ պատասխան պատրաստել Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցմանը: Դեռևս համոզվածություն չկա, որ Գերմանիայում երկակի խաղ չեն խաղում»,-հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: