Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում սեպտեմբերին նախատեսվող «Կովկաս-2020» զորավարժություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել իրենց համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:

Ակնկալվում է, որ առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս հայտնի չէ

«Ադրբեջանական զինծառայողները չեն մասնակցելու «Կովկաս -2020» զորավարժություններին: Նախատեսվում է որպես դիտորդ երկու զինծառայող ուղարկել վերը նշված զորավարժություններին», — «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Հնդկաստանը ևս հրաժարվել էր զորավարժություններին մասնակցելուց՝ հիմնական պատճառ բերելով կորոնավիրուսի համաճարակը:

«Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի հարավում սեպտեմբերին: Ավելի վաղ նախատեսվում էր, որ դրանց մասնակցելու են մի քանի երկրների խմբեր, այդ թվում ՝ Իրանից, Մյանմայից և Պակիստանից: