Օրեր առաջ Իտալացի գրաֆիտի արտիստ Ռաֆֆոն Նեապոլի արվարձաններում նկարել է «Գուչի»-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին, այնուհետու գրաֆիտի արտիստը լուսանկարը տեղադրել է Ինստագրամի իր էջում եւ մակագրել այն. «Կա հաջողության մեկ ճանապարհ` անել այն, ինչ ցանկանում եք»:

Նշենք, որ նկարում Արմինե Հարությունյանը պատկերված է յուրահատուկ ոճով, իսկ նրա կողքին «Գուչի»-ի տարբերանշանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը Արմինեի հետ զրուցել է նկարի, արձագանքի, առաջիկա անելիքների եւ հաճախ քննադատության ենթարկվելու մասին:

Արմինեի խոսքով, նկարիչը տեղադրել էր լուսանկարն Ինստագրամում եւ իրեն նշել, ապա տեսնելուց հետո նկարը, նա անմիջապես մեկնաբանել է, եւ վերջինիս հետ զրուցել. «Անկեղծ ասած հիացմունքս շատ-շատ մեծ էր եւ  նկարն ինձ շատ է դուր եկել: Մինչեւ այդ, հայտնի չէր ինձ նկարիչը, նրա այդ ցանկությունը, գաղափարը: Նկարը տեսնելուց հետո մեջս նոր էմոցիաներ են արթնացել: Ավելի ճանաչում ունենալու հետ մեկտեղ մոտս նոր հուզմունք, նոր զգացողություններ են, քանի որ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ Իտալիայում են սկսել խոսել, ինձ ճանաչել, իսկ Հայաստանից հեռու մեկ այլ երկրում կամ Իտալիայում ապրելու դեռ ցանկություն չունեմ»:

«Գուչի»-ի հայ մոդելի խոսքով, հայկական նորձեւության եւ Եվրոպական նորաձեւության աշխարհների միջեւ կան անսահման մեծ տարբերություններ, այնքան շատ, որ անգամ  նա դժվարացավ ընդգծել դրանք, միայն նշեց, որ այնտեղ գործն անում են հարյուր տոսկոսանոց, ոչ թե միայն ներքին շուկան բավարարելու համար:

«Տարբերություններն անսահման են այստեղի եւ եվրոպական նորաձեւության միջեւ, չեմ կարող ասել, անսահման մեծ տարբերություններ կան: Առաջինը՝ մենք պետք է ամեն հարցին մոտենանք պրոֆեսիոնալ ձեւով, գլոբալ, այնպես որ զգացվի, որ մենք ուզում եք լավը ցույց տալ: Հենց այնպես, պարզապես գործ անելու համար չանել, ոչ մի գործ, ու ամեն ինչին լուրջ մոտենալ, անել հարյուր տոկոսով ՝ ամեն մի գործը: Հայաստանում ամեն ինչ անում են տեղի շուկան բավարարելու համար, մեծ արժեքների մասին չեն մտածում»,-նշում է նա:

Հարցին, թե տեղի մոդելային գործակալությունից առաջարկներ ստանում է, թե ոչ. մեր զրուցակիցը պատասխանում է. «Անկեղծ ասած, այստեղի մոդելային աշխարհի ներկայացուցիչների հետ չեմ համագործակցում, բայց եթե հետաքրքիր առաջարկ լինի, կարող է մտածեմ, բայց հիմա կոնկրետ համագործակցություններ չունեմ, իհարկե առաջարկներ լինում են, պարզապես ես ընտրում եմ այն, որն ինձ դուր է գալիս, ինձ հոգեհարազատ է, իսկ «ԳՈՒՉԻ»-ի հետ կապված պլաններիս մասին չեմ ուզում հիմա խոսել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ նրան ոգեշնչում եւ թեւեր են տալիս ծնողները. «Ես ոգեշնչվում եւ ապրում եմ իմ ընտանիքով, իմ ծնողներով, եւ իմ ամեն ինչը կապված է իմ ընտանիքի հետ: Իմ ուժը, իմ թիկունքը միշտ իրենք են եղել եւ կլինեն:

Անդրադառնալով կրթությունն րտասահմանում շարունակելուն եւ հետաքրքրություններին, նա ընդգծում է, որ դեռ չի մտածում այդ մասին, բայց այլ նախասիրություններ եւս ունի:

«Ես իմ ուսումն ավարտել եմ շատ վաղուց, մագիստրատուրան նույնպես, հիմա աշխատում եմ, եւ նոր հետաքրքրություններ դեռ չունեմ, իհարկե հետաքրքիր կլիներ իմ մասնագիտությամբ կրթությունս շարունակեի արտասահմանում, բայց նման պլաններ դեռ չունեմ: Հիմա իմ մտքում միայն ցուցահանդեսներն են: Ես հիմա օգնում եմ իմ պապիկին, ով պատրաստվում է հաջորդ տարի մեծ ցուցահանդեսի: Սիրում եմ ֆոտոնկարչություն, եւ իրականում շատ-շատ բաներով եմ հետաքրքրված»,-ասում է նա:

Հարցին, թե կարանտինային ամիսներին ինչով է զբաղվել նա պատմում է. «Այս ամիսներին փորձել եմ տանը մնալուց հաճույք ստանալ, մայրիկիս հետ շփվելուց, քանի որ մեր շփումը հաճախ չի լինում աշխատանքն ուշ ավարտելու պատճառով, իսկ հիմա փորձում ենք միասին անել հետաքրքիր բաներ եւ այդ բացը լրացնել»:

Իսկ թե ինչպես նա վերաբերվում եւ արձագանքում իր մասին հաճախ հնչող քննադատություններին, նշում է, որ պարզապես անտարբեր է:

«Իմ անձի հետ կապված քննադատություններին ոչ մի կերպ չեմ արձագանքում: Սովորել դրան չի լինի, ուղղակի անտարբեր եմ այդքան բան»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արմինե Հարությունյանն առաջին հայ մոդելն է, ով մասնակցել է աշխարհահռչակ «Գուչի» բրենդի ցուցադրությանը: