Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:50-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան և տրակտորը:

Բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսենյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննիչ Արսենյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի, Touareg-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: