Ալկոհոլային  թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը հետաձգվել է, նրա նկատմամբ կորոնավիրուսի  կրկնակի թեստավարում է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։

«Քննչականը չհիմնավորված ու չպատճառաբանված կասկածանք ունի, թե իբրեւ առաջին  թեստը եղել է ներգործության արդյունք, զուտ դրա համար կարծեմ ինչ-որ հարկադրանք են կիրառել եւ երկրորդ թեստավորումն են արել: Հիմա սպասում են երկրորդ թեստի պատասխանին, որ կարողանա  այս քննության ընթացքը լուծեն»,-ասաց փաստաբանը` նշելով, որ կալանքի միջնորդությունը պետք է հրատապության կարգով վճռվի:

Նշենք, որ գործով մյուս երկու մեղադրյալները` արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը երկու ամսով կալանավորվել են:

Փաստաբանը նշեց, որ   մյուս մեղադրյալների հետ առերեսում եղել է եւ բոլորն էլ նշել են, որ ձեռք են բերել նորմալ սպիրտ եւ չեն մտածել, որ սպիրտի հետ կապված կարող է խնդիր առաջանալ:

Գոռ Գեւորգյանի կարծիքով` չպատճառաբանված որոշումով են փորձում կալանավորել 50-ամյա Աշոտ Հովսեփյանին . «Որոշումում չի երեւում ոչ կալանքի պատճառը, ոչ էլ հիմքը: Կալանավորման համար որպես հիմք դրել են փախուստը կանխելը, խոչընդոտելը քննությանը, որը կարտահայտվի իրեր թաքցնելով, որոնք որ հետագայում կարող են դառնալ իրեղեն ապացույց քրեական գործով ու վկաների վրա ազդելով: Նախ փախուստի մասին  խոսք չի կարող լինել, որովհետեւ 2 օր է ինքը ազատության մեջ է ու բացի իր հիվանդությունով զբավելուց չի էլ փորձել այլ բանով զբաղվել, դրա մասին խոսք լինել չի էլ կարող: Իրեղեն ապացույցներ թաքցնելով, կամ վնասելով, դա տրամաբանական չի, քանի որ ինքն է ցուցմունք տվել եւ ու նկարագրել, թե որտեղ է պահում սպիրտը: Առավել անտրամաբանական է, որ կազդի վկաների վրա, քանի որ ինքն է տվել այն անձանց անունները, ում որ իրացրել է: Այսինքն բացի հասարակական հնչեղությունը իրացնելուց իրավունքից զուրկ  մոտեցումը չի կարող արդարացնել Աշոտ Հովսեփյանի կալանավորումը: Միտումն այն է, որ ամեն ինչ անեն, միայն կալանավորեն»:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը այս պահին թոքաբորբ ունի կորոնավիրուսով պայմանավորված, ունի ծանր դրսեւորված շաքարային դիաբետ, օրը մի քանի անգամ ինսուլին են ներարկում, խնամքին էլ մեկ անչափահաս երեխա ունի:

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք,  որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ: