Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի որոշումը դատարանը այսօր է կայացրել, իսկ Ավետիք Վարդանյանի կալանքի որոշումը երեկ է հրապարակվել:

Նշենք, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը սպիրտ էր գնել արմավիրցի Արշակ Արշակյանից, վերջինս էլ սպիրտը ձեռք էր բերել արարատցի Ավետիք Վարդանյանից: Գործով դեռ չի պարզվել, թե սպիրտը Վարդանյանը ումից էր ձեռք բերել:

Արշակ Արշակյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նաեւ ասաց, որ առերեռում է տեղի ունեցել գործով 3 մեղադրյալների միջեւ:

Նշենք, որ այս պահին ընթանում է Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը, մեղադրյալը նիստին ներկա չէ, քանի որ վարակվել է կորոնավիրուսով եւ տեղափոխվել բժշկական կենտրոն:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք,  որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ: