Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի առաջին տուրի խաղում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Իսպանացի Խոակին Կապառոսի ղեկավարած թիմը գոլ բաց թողեց 5-րդ րոպեին։ Թիմի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանի խախտումից հետո 5-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականում նորամուտը նշող Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին։ Գոլի հեղինակ դարձավ հարձակվող Էգզիյան Ալիոսկին։

18-րդ րոպեին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի կատարած գլխով հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ մակեդոնացիների դարպասապահ Դամյան Շիշկովսկին։

35-րդ րոպեին դաշտի տերերը տուգանային հարվածի իրավունք ստացան տուգանային հրապարակի գծից եւ վստահ խաղաց Դավիթ Յուրչենկոն՝ հետ մղելով հարվածը։

36-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց հարձակվող Իլիյա Նեստորովսկին։

Ընդմիջմանը Խոակին Կապառոսը կատարեց կրկնակի փոփոխություն։ Հեռացան պաշտպան Սերոբ Գրիգորյանն ու կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Խաղադաշտ մտան կիսապաշտպան Էդգար Բաբայանն ու հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք մի քանի գրոհ կազմակերպեցին, սակայն գրավել մրցակցի դարպասը չկարողացան։

58-րդ րոպեին մակեդոնացիների տուգանային հրապարակի մոտ կանոնները խախտեցին Հովհաննես Համբարձումյանի նկատմամբ։ Տիգրան Բարսեղյանի հարվածը ստանդարտ դիրքից բարձր ստացվեց։  72-րդ րոպեին դարձյալ Տիգրան Բարսեղյանը իրացրեց տուգանային հարվածը։ Այս անգամ գնդակը որսաց դարպասապահ Շիշկովսկին։

74-րդ րոպեին կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Ալեքսանդր Կարապետյանի փոխանցումից հետո մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն մի փոքր շեղ հարվածեց։

76-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանին փոխարինեց հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Վերջնամասն անցավ փոխադարձ գրոհներով, մի շարք խախտումներով նյարդային պայքարում։ Ավելացված ժամանակ սեյվ կատարեց Դավիթ Յուրչենկոն։ Բալեկյանն էլ Բարսեղյանի փոխանցումից հետո մոտ տարածությունից դարպասից բարձր հարվածեց։ Հենց հաջորդ գրոհի ժամանակ կանոնները խախտեցին Բալեկյանի նկատմամբ։ Բարսեղյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։

Հիշեցնենք, որ երկրորդ խմբում ընդգրկված են նաեւ Էստոնիայի եւ Վրաստանի հավաքականները, որոնց հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հայաստանի հավաքականը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Երեւանում՝ ընդունելով էստոնացիներին։

Հիշեցնենք, որ հավաքականին չեն միացել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նրանք չեն մասնակցի նաեւ երկրորդ տուրի խաղին։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան՝ 2։1

Էգզիյան Ալիոսկի, 5, 11մ, Իլիյա Նեստորովսկի, 38, 11մ — Տիգրան Բարսեղյան, 90+4, 11մ

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Սերոբ Գրիգորյան (Էդգար Բաբայան, 46), Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արշակ Կորյան, Խորեն Բայրամյան (Տիգրան Բարսեղյան, 46), Կամո Հովհաննիսյան, Ալեքսանդր Կարապետյան (Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 76):

Էստոնիա — Վրաստան՝ 20։00 (Երեւանի ժամանակ)