Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա հարձակվողը որոշել է 1 տարի ևս անցկացնել Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում, այնուհետև ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից:

Սեպտեմբերի 3-ին Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ հանդիպումից հետո չէր բացառել, որ իր որդին կարող է շարունակել մրցելույթները «Բարսելոնայում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Ավելի վաղ նշվում էր, որ 33-ամյա Մեսին պայմանավորվածություն է ձեռք բերել City Football Group-ի հետ, որին է պատկանում անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: