Ձկնագողերն այս գիշեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280.000 իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի քանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։

«Սեւան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված եւ Սեւանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել շահադիտական նպատակներով:

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետեւանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրը։

«Սեւան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետեւողական եւ հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել եւ հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել լիճ։

Դեպքի առթիվ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։