Արդեն երրորդ օրն է, ինչ  «Մի բան անենք» արշավի շրջանակում կենցաղային աղբի թափոններից մաքրվում են Սեւանա լճի ափամերձ զբոսաշրջային վայրերը եւ հատուկ պահպանվող տարածքները: Ինչպես  «Արմենպրես»ին տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» կազմակերպության վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը, ծրագրի իրականացմանն աջակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ ՀՀ տուրիզմի պետական կոմիտեն: Մաքրման աշխատանքներում ընդգրկված են տուրիստական ոլորտի ներկայացուցիչներ՝ շուրջ 70 հոգի:

«Մաքրման աշխատանքները սկսել ենք Լճաշենից եւ շարժվում ենք Գավառի ուղղությամբ: Սեպտեմբերի երեքին արդեն մաքրում ենք իրականացնում Նորաշեն եւ Ծովազարդ գյուղերի հատվածներում: Անտառապատ մասերից կամ ճանապարհաեզրերի խանդակներից պարկերով ահագին աղբ ենք դուրս բերում, ինչը բեռնվում ու տեղափոխվում է մարզի գործող աղբավայրեր:  Ծրագրի տեւողությունը 12 օր է, որոնցից ութ օրը մենք կաշխատենք Գեղարքունիքի մարզում: Մեզ նկատելի աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի մարզպետարանը: Եթե չհասցնենք մաքրումն իրականացնել Սեւանա լճի շրջակայքով մեկ, ապա գոնե կարեւոր մասերում այն ավարտած կլինենք»,-հավաստեց Ռուբեն Հովսեփյանը: