Ռուսաստանն ասում է՝ ես իմ երկիրը փակել եմ, կարանտին ա, չեմ թողնում մարդ մտնի. Հիմա ես իրեն ոնց պարտադրեմ, որ քեզ թողնի երկիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ի դիմաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այլ խնդիր է, որ ձեր կնոջն ու երեխաներին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով կազմակերպեմ, բերեմ Հայաստան: Քանի որ հիմա դուք չեք կարող մեկնել այնտեղ, իսկ ես Ռուսաստանի իշխանության վրա լծակ չունեմ, առաջարկում եմ այնտեղ ձեր ընտանիքի անդամներին բերենք այստեղ»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Որ երկիրը բանակցում է Ռուսաստանի հետ, սահմանը չի բացում, իսկ որ երկիրը լավ է բանակցում, բացում է: Օրինակ Թուրքիան: Հենց հիմա էլ թուրքերը գնում են Ռուսաստան աշխատելու»:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ չկա նման բան, որ ընդամենը երեք ինքնաթիռ է գնացել Թուրքիայից, որից հետո նորից դադարեցվել են չվերթները: ռուսները գնում են Թուրքիա հանգստանալու, ու հիմա նորից փակել են ճանապարհները, մարդիկ չեն կարողանում հետ վերադառնալ, քանի որ երկրորդ ալիքին են սպասում»:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ հիմա Հայաստանը պատրաստ է թույլ տալ իր քաղաքացիներին մեկնել այլ երկրներ եւ այդ երկրներից մարդկանց ընդունել, մնում է այդ երկրները համաձայնեն: