Վրաստանում հոկտեմբերի 31-ին համապետական ընտրություններ են, մինչեւ դա չանցնի, չեն բացելու սահմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ի դիմաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, եթե Վրաստանը մեկ տուրիստ ընդունի, կամ թույլ տա, մեկն իր տարածքով անցնի գնա Ռուսաստան, իրենք խնդիրներ կունենան, որովհետեւ այդ մարդը պետք է այդ անցնելու ընթացքում լվացարան գնա, հաց ուտի, շփվի այլ մարդկանց հետ:

Ինչ վերաբերում է օդային ճանապարհով ՌԴ մեկնելուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Օդային ճանապարհով էլ Ռուսաստանն ասում է՝ մեզ մոտ համաճարակ է, եւ եթե նույնիսկ Հայաստանից մարդկանց ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու, որ չեմ ընդունում:  Եթե ասենք դուք ուզում եք Եգիպտոս գնալ եւ Եգիպտոսը բաց է, խնդիր չկա: Դա ընդունող երկրի խնդիրն է:

Չհավատաք, եթե մեկը գա ձեզ ասի՝ հեսա էդ հարցը լուծելու է: Մենք ամեն օր այդ հարցով բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել: Ոչ միայն ձեզ համար, այլ որ մարդիկ գան, առեւտուր անեն, փող մտնի երկիր: Հյուրանոցները դատարկ են: Ռուսներն ու վրացիները չեն թողնում, որ մարդ ներս մտնի իրենց երկիր»: