Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու եւ նվիրված աշխատանքի համար: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

«Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Վստահ եղեք, որ քաղաքապետարանն իր ողջ կազմով մշտապես կանգնած է կառույցի կողքին: Եվ ես, եթե ճիշտն ասեմ, ընդհանրապես տարբերություն էլ չեմ տեսնում երկու գերատեսչությունների միջեւ: Ես համարում եմ սա մեկ ընդհանուր գերատեսչություն: Մենք մեր բնակիչների անվտանգությունն ենք ապահովում: Եվ այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքների ճիշտ կազմակերպումը նաեւ իր ապացույցը բերեց վերջերս Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունի ժամանակ: Իհարկե, ամենաբարդ եւ դժվար գործը ձերն է, կյանքը վտանգելու մասը ձերն է, բայց մենք նույնպես առանց ոչ մի բանի մասին մտածելու, իմացե՛ք, միշտ ձեր կողքին կանգնած ենք»,- ընդգծել է քաղաքապետը:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երեւանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետեւանքների վերացման եւ արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության եւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով: