Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Գոռ Միքայելյանը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Միքայելյանը։

«Ես գտնում եմ, որ պաշտպանյալս չպետք է կալանավորվեր։ Դատարանի որոշման հետ համաձայն չենք ու վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու։ Պետք է նժարի վրա դնենք՝ արդյոք այդ խոչընդոտելու հավանականությունն այնքան մեծ էր, որ կարելի՞ էր ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ։ Մեկամյսա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել։ Հայաստանն այնքան ֆուտբոլիստ չուներ, որ կարող էր այս ենթադրյալ հանգամանքի համար կալանքի տակ վերցնել»,- ասաց նա։

Հարցին՝ դատարանն ի՞նչ հիմքով է Մալաքյանին կալանավորելու որոշում կայացրել, պաշտպանն ասաց. «Քննիչը ներկայացրել է օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հիմքերը. կթաքնվի քննությունից, կխոչընդոտի քննությանը, նոր հանցանք կկատարի, կխուսափի պատժից ու պատասխանատվությունից։ Դատարանը բոլորի հիմքերից համարել է, որ առկա է քննությանը խոչընդոտելը։ Դատարանն էլ այդ հիմքն այնքան էլ մեծ չի համարել այդ պատճառով կալանքի ժամկետը սահմանել է մեկ ամիս։ Այնպես չի, որ Էդգար Մալաքյանը եթե մնար ազատության մեջ պետք է ինչ-որ մեկին ասելու էր ինչ-որ ցուցմունք տա։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ կալանքն էր այդ հավանականության ռիսկից հետ պահողը»։

Նա նշեց, որ մյուս եղբոր՝ Գոռ Մալաքյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշմանը դեռեւս ծանոթ չի։

Նշենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ մյուս եղբայրը՝ Գոռ Մալաքյանը մնաց ազատության մեջ։

Հիշեցնենք, որ եղբայրները սեպտեմբերի 2-ի երեկոյան ազատ էին արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից. լրացել էր ձերբակալվելու 72 ժամը։

Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։

Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա եւ 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները ընկերոջ եւ մի քանի այլ անձանց հետ գտնվել են «Կասկադին» հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՃՈ 2 տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան եւ բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս, տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը, կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող 2 եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, եւ մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը եւ տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Այս ընթացքում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ 2 քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից հնչեցրել են հայհոյանքներ եւ բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: