Այսօրվա ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին, հարցրեց. «Սեպտեմբերի 12-ից հետո ՀՀ-ում կառավարության կողմից հայտարարվելո՞ւ է կարանտին, որ բոլոր այս իրավակարգավորումները սկսեն գործել, եթե այո, կարո՞ղ է դա լինել այնպիսի ուղերձ, որն ավելի վատն է, քան արտակարգ դրությունը, և որի պատճառով Հայաստանի սահմանները մնան շարունակաբար փակ ՀՀ քաղաքացիների ելքի համար:

Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավոր կլինի պայքարել համավարակի դեմ: Այսինքն՝ եթե օրենսդրական փաթեթն ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11- ը, ապա կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»:

Էդմոն Մարուքյանը, արձագանքելով փոխնախարարի պատասխանին, ասաց. «Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է ընդունում Հայաստանի տարածքում հայտարարել կարանտին. մի հատ թարգմանեք դա ռուսերեն, անգլերեն ու լուրեով նայեք, տեսեք այդ ուղերձից հետո հնարավո՞ր է՝ Հայաստանի քաղաքացիները, ընդհանրապես, դուրս գան երկրից: Ո՞նց ենք բացատրելու, որ սա ավելի մեղմ ռեժիմ է, և վիճակը լավացել է, արտակարգ դրությունից դուրս ենք եկել և ուրիշ բան ենք անում: Արդյո՞ք մենք չպիտի ունենայինք ավելի երկար ժամանակ ավելի լավ իրակարգավորումներ ունենալու համար»:

Պատասխանելով Մարուքյանին՝ Գրիգորյանը հայտարարեց, որ ինչքան էլ կարանտին լինի, արտակարգ դրությունն այնպիսի ռեժիմ է, որն առավելագույնս կարող է գործ ունենալ մարդու իրավունքների սահմանափակումների հետ: