«Մեր միակ խնդրանքն է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները մի քիչ թափանցիկ լինեն, որ այս անորոշությանը վերջ տրվի. մարդիկ չգիտեն ինչ անեն՝ գործը ընդունվեն, չընդունվեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ի դիմաց ասաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:

Վերջինս արձագանքեց, որ իր խորհուրդն է տեղափոխվել հայաստան, այստեղ աշխատել, մասնակցել երկրի կառուցմանը, աշխատատեղ ստեղծել:

Դրան արձագանքեց մեկ ակցիայի մեկ այլ մասնակից. «Շուտ անեիք հեղափոխություն: Լուրջ եմ ասում, մի քիչ շուտ անեիք, որ չգնայինք»:

Մեկ էլ ասաց, որ ինքը ՌԴ քաղաքացի է, բայց իրեն նույնպես չեն թողնում մեկնել, իսկ ընտանիքն այնտեղ է: Ալեն Սիմոնյանը խոստացավ վերցնել իր տվյալները, կապվել ՌԴ դեսպանատան հետ եւ կարգավորել հարցը:

«Մեր նպատակը գոնե Ռուսաստանի հետ չվերթները բացելն է: Ռուսաստանն ասում է՝ մարդն ուզո՞ւմ է իր ընտանիքի անդամներին տեսնի, իմ մոտ համաճարակ է, թող իր ընտանիքին տանի ձեր երկիր, ես ի՞նչ պատասխանեմ: Եթե քո երեխան էնտեղ սովորում է, Ռուսաստանն էլ ասում է՝ ուրեմն պիտի իմ կանոններին ենթարկվեք, համաճարակ է, սպասեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա իր խոսքի վերջում նաեւ լավ նորություն ասաց. «Ես լավ նորություն էլ ունեմ, ես ենթադրում եմ, որ շատ երկար չի տեւելու, մի ամսվա ընթացքում գոնե ռուսների հետ հարցը լուծենք: Վրացիների հետ չենք կարողանալու»: