Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները  զննության են ենթարկել Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է ավելի քան 0,5 կգ  «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն զանգված՝ միախառնված կոնֆետների հետ։

Նույն օրը որոշում է կայացվել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Մեղրիի բաժնի  աշխատակիցների հետ համատեղ անցկացնել «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում` թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձի կամ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև հիշյալ թմրամիջոցները Հայաստան ներմուծելու դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով: