Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անցկացրել է տեսչական ուսումնասիրություն Իրանի երկու օբյեկտներից մեկում, որտեղ, ինչպես կասկածում էր գործակալությունը, պահվում է չհայտարարագրված միջուկային նյութ։ Այդ մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը վկայակոչելով՝ հաղորդում է Reuters-ը։

Համաձայն նրա տվյալների՝ օգոստոսի 25-ի դրությամբ երկրի հարստացված ուրանի պաշարները հասել են 2 105,4 կգ-ի, մինչդեռ 2015 թվականի միջուկային գործարքի համաձայն՝ թույլատրված սահմանը կազմում է 202,8 կգ ուրանի ֆտորիդ (UF6)։

Նշվում է, որ Իրանը շարունակում է հարստացնել ուրան մինչեւ 4,5 տոկոս՝ ի հակակշիռ 2015 թվականի պայմանավորվածությունների 3,67 տոկոս հարստացման սահմանաչափի մասին։

Անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի իշխանությունների հետ համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել էր, որ Թեհրանը կթույլատրի կազմակերպությանը մուտք գործել իր երկու օբյեկտներ տեսչական ստուգումներ իրականացնելու համար։