Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը տեսախցիկի առջեւ կրակել է  գնացիրից, հայտնում է «Թուրքմենստանի խրոնիկա» պորտալը:

Սեպտեմբերի 2-ին Բերդիմուհամեդովը Պետական ​​անվտանգության խորհրդի արտագնա նիստ է անցկացրել, որից հետո պաշտպանության նախարարին հանձնարարել է բարձր մակարդակի ռազմական շքերթ անցկացնել` ի պատիվ երկրի անկախության:

Նիստից հետո Բերդիմուհամեդովը հրաձգություն է անցկացրել զինվորականների ու իրավապահ մարմինների ղեկավարների համար: Նա անձամբ կրակել է թիրախների ուղղությամբ երկու տարբեր ատրճանակներից: Այնուհետեւ նախագահը կրակ է բացել ամենագնացի տանիքին տեղադրված «մինիգանից» (բազմափող գնդացիրից) մոտակայքում դրված տակառների ուղղությամբ` պայթեցնելով դրանք:

Անցյալ տարի Բերդիմուհամեդովը չնախատեսված զորավարժություն էր անցկացրել, որի ընթացքում ցուցադրել էր հեծանիվի վրայից կրակելու իր հմտությունները:

Թուրքմենական ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են նախագահի նախասիրությունների եւ ժամանցի մասին: Օրինակ, այս տարվա հուլիսին Բերդիմուհամեդովն արձակուրդի ժամանակ ձուկ էր որսացել եւ նվիրել որբերին: