Ես ԲՀԿ-ի հիմնադիր եմ եւ ոչ մի դեպքում դուրս չեմ գալու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել մելքումյանը:

«Ես ոչ միայն քաղաքականություն իրականացնող, այլ նաեւ քաղաքականություն մշակող անձ եմ: Ինչի՞ պետք է դուրս գամ»,-ասաց նա:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե հանրահավաքների պատրաստվող ԲՀԿ-ն գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, Մելքումյանն արձագանքեց. «Ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ ուրիշի ասածները: Իրենց կարծիքն է, մենք էլ շատ բաներ ենք ասում: Երկրորդ, ԲՀԿ-ն առաջին անգամ չի, որ հանրահավաքներ է անում, միշտ էլ արել է: Ինքնուրույն օրակարգ է մշակում, ինքնուրույն ուժ է: Տարբեր ուժեր կգան, կգնան, ԲՀԿ-ն միշտ մնալու է: Իհարկե, ինձ համար անընդունելի է, որ ԲՀԿ-ն պետք է ինչ-որ տեղից ուղղորդված լինի:  ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժ է եւ ինքնուրույն մշակում է իր քաղաքականությունը»:

Հարցին, թե 2015-ին Լեւոն տեր-Պետրոսյա՞նը Ծառուկյանին համոզեց պահանջել իշխանությունների հրաժարականը, Մելքումյանն ասաց. «Համոզելը քաղաքական կատեգորիա չի: Եթե ուզում եք հետ գնալ 2015-, ապա այն ժամանակ իրավիճակն այլ էր: Եթե հիշում եք պայքարն ավելի վաղ սկսվեց,  բերեց հանգեցրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականին ու շարունակություն եղավ»: