Փրկարարները հայտնաբերել են կյանքի նշաններ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավերակների տակ, հաղորդում է Reuters-ը։

Սենսորները շենքի ավերակների տակ հայտնաբերել են ենթադրյալ սրտի զարկեր եւ շնչառություն։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ փրկարարները վերսկսել են ավերակների տարածքում աշխատանքները, որտեղ կան հնարավոր ողջ մնացածներ։

«Սարքից ստացված տվյալներով՝ այնտեղ կա մեկ ողջ մնացած․ կան սրտի զարկեր։ Իսկ շունը ցույց է տալիս, որ այդտեղ կա դի։ Սակայն դրանք վարկածներ են։ Այժմ մենք իրականացնում ենք որոնողական աշխատանքներ համոզվելու համար»,-պատմել է աղետի վայրում աշխատող կամավորը։

Ավելի վաղ Համաշխարհային բանկը հաշվել էր Բեյրութի պայթյունից ստացված վնասը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Լիբանանի մայրաքաղաքին հասցված ուղղակի ֆիզիկական վնասը կազմել է 3,8-4,6 մլրդ դոլար։

Բեյրութում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Հրդեհի պատճառով պայթել է պահեստում երկար ժամանակ պահվող ամոնիումի սելիտրան։ Զոհվել է շուրջ 190, վիրավորվել՝ ավելի քան 6 հազար մարդ, ավիրվել են հազարավոր բնակելի շենքեր։