Հարավկովկասյան տարածաշրջանում վերջերս նկատվում է հակասությունների սրում, ինչը որոշ երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնն անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի է թե ռազմական հռետորաբանությունը, թե այդ հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը՝ հետագայում տարածաշրջանում իրավիճակի սրմամբ»,- նշել է Տոնոյանը։

Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում ռուսական ներկայությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։

Տոնոյանի խոսքով՝ ՀՀ ռազմավարական շահերի ոլորտի տիրույթում է ոչ միայն կովկասյան տարածաշրջանը, այլ ՀԱՊԿ պատասխանատվության ողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է նշված տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ։

«Ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում բազմակողմ պաշտպանական համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հարցը, ընդ որում, առաջին հերթին ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ կազմակերպությունների անդամ պետությունները», — ընդգծել է նախարարը։

«Մեր աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ցանկացած անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս։ Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի»,- ասել է Տոնոյանը։

Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը կայուն խաղաղության կառուցումն է, որը հիմնված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավակնություններ պարտադրելու միջոցով անկայունության նոր օջախների ստեղծումը բացառելու վրա։

«Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ առանց շեղումների պահպանումը առանցքային դեր է խաղում հակամարտությունների կանխման գործում։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի, միջազգային անվտանգության ողջամիտ գլոբալիզացիայի և ճարտարապետության նորմերի համարժեք կիրառման օգտին։ Այդպիսով՝ հիմնվել ենք քաղաքականությունից և մաքսիմալիստական մոտեցումներից, ինչպես նաև ատելության հռետորաբանությունից և ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու վրա»,- նշել է Տոնոյանը: