ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  45-ամյա տղամարդու կողմից սպանության եւ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, 45-ամյա տղամարդը մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ եւ դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 05:00-ից մինչեւ 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 45-ամյա տղամարդը  հասնելով Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասերից մեկի մոտ, որոշել է մոտակա ելակի հողակտորից ելակ ուտել ու շարունակել ճանապարհը: Սակայն հանդիպելով հողամասի սեփականատիրոջը՝ վեճի է բռնվել նրա հետ, որի ընթացքում 45-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարեւոր օրգաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ն մասի եւ 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: