Հայաստանում ընթացիկ տարվա մարտ ամսից մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման 7 դեպք է գրանցվել՝ մինչև 4 տարեկան երեխաների շրջանում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների  ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ  պաշտոնակատար  Հովհաննես Մադոյանը:

«Սա վերջին 5 տարվա մեջ աննախադեպ է: 7 դեպքն էլ տեղի է ունեցել 2019 թ. և ավելի վաղ ժամանակահատվածում: Այժմ ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է այդ հարցը: Փորձում ենք հասկանալ, թե ինչ պատճառով են այդ 7 դեպքը տեղի ունեցել և ինչու են նախկինում այդ դեպքերը բաց թողնվել, որովհետև չի կարող լինել պատճառ, որ տարիներ շարունակ 2-3 դեպք է արձանագրվում և հանկարծ կես տարվա մեջ՝ 7 դեպք։ Մենք կգտնենք պատճառը և հանրությանը կներկայացնենք, թե ինչն էր դրա հիմքում»,- նշեց Մադոյանը։

Նա ընդգծեց, որ կա նույնիսկ դեպք, որ ՄԻԱՎ է ախտորոշվել 5 տարեկան երեխայի մոտ:

2020 թվականին ՄԻԱՎ-ով ախտորոշված երեխաներից 3-ը 1 տարեկան են, ծննդաբերությունը եղել է 2019 թվականին, հղիությունը՝ 2018-2019 թվականներին, այդ հղիներն ինչ-որ կերպ այդ ժամանակ ուշադրությունից վրիպել են:

Մադոյանը շեշտեց, որ իր բացթողումներից էլ է, քանի որ դա ոչ միայն ՁԻԱՀ-ի կենտրոնի գործն է, այլև՝ համակարգի, մասնավորապես, հղիների խնամքի։

«Ունենք 2 տարեկանը լրացած 1 երեխա, 3 տարեկանը լրացած՝ 2, ևս 1 փոքրիկ 5 տարեկանը լրացած: Այս բոլոր դեպքերով մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է այդպես եղել և հետագայում խնդիրները վերացնենք»,- ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը։