Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր՝ առողջական խնդրի պատճառով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։