Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մալդիվների հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի կառավարությանը:

«Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր Եգիպտոսի (Կահիրե, շաբաթական 3 չվերթ), Արաբական Միացյալ Էմիրությունների (Դուբայ, շաբաթական երկու չվերթ), Մալդիվների Հանրապետության (Վելանա օդանավակայան, շաբաթական երկու չվերթ) հետ փոխադարձ սկզբունքով ավիահաղորդակցության վերականգնման մասին»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ որոշումը կայացրել է օպերատիվ  շտաբը ՝ հիմնվելով նախապես հնչեցված չափանիշների (100 հազար բնակչի հաշվով վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 40 նոր դեպք, նոր դեպքերի օրական աճի 14 օրվա ընթացքում մեկ տոկոսից ոչ ավելի ցուցանիշ և նոր կորոնավիրուսային վարակի տարածում վերջին 7 օրվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ միավոր), ինչպես նաև փոխադարձության սկզբունքների հիման վրա: