Քիչ առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առանձնատների հետ կապված չարաշահումներին, որ արձանագրվել են ՊՈԱԿ-ում։

Նա հաստատեց, որ ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ է գտնվում, իսկ իր գրառումը դրա վերաբերյալ հերքում չէր, այլ՝ պարզաբանում։

Նշենք, որ օրեր առաջ մամուլում հայտնվել էր մի նյութ, ըստ որի՝ մի քանի միլիոնի չարաշահումներ են հայտնաբերվել վարչապետի առանձնատան վերանորոգման աշխատանքներում։

Հաշվի առնելով այն տողատակերը, որոնք այդ  հրապարակման մեջ կային, Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր դրան՝ առանձնացնելով 2 սուտ տեղեկություն։

«Սուտ #1 — Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ։ Չնայած որ իրավասու չեմ հստակ նշել ծախսված գումարի չափը, կասեմ ընդամենը, որ ներկայացված թիվը ՏԱՍՆՅԱԿ անգամներ ուռճացված է։

Սուտ #2 — Կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել։

Պարզաբանում.

Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։

Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ»,- գրել էր Աղաջանյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը այսօր լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ շեշտեց, որ ՊՎԾ-ն իր դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները։

«Ուղղակի նպատակահարմար համարեցի անդրադառնալ դրան՝ հաշվի առնելով այն արտատպումների տեմպը, որ այդ օրերին նկատվում էր այդ թեմայի վերաբերյալ»,- ասաց Աղաջանյանը։

Նա խոստովանեց, որ երբ առաջին անգամ տեսավ այդ հրապարակումը, մեղմ ասած, անլուրջ վերաբերվեց դրան։ «Մտածում էի, որ որեւէ տարածում չի ունենա։ Բայց ունենք այն լրատվական դաշտը, որն ունենք։ Իսկ անդրադարձի բովանդակությունը հետեւյալն էր․ ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ է եւ այնտեղ դեռեւս 2019 թվականին ինձ հասած որոշ տեղեկությունների համաձայն կային որոշ չարաշահումների ռիսկեր։ Այդ տեղեկությունը ստանալուն պես՝ անձամբ դիմել եմ Պետական վերահսկողական ծառայություն, որպեսզի վերջիններս ստուգումներ իրականացնեն տվյալ ՊՈԱԿ-ում եւ ռիսկերի առկայության պարագայում նախաձեռնեն կոնկրետ գործողություններ»,- ասաց Աղաջանյանը՝ շեշտելով, որ դա եղել է 2019 թվականին՝ աշուն-ձմեռ ժամանակահատվածում։

Նրա փոխանցմամբ՝ ռիսկերը կապված են եղել անարդյունավետ ծախսերի հետ։ Այդ ժամանակ ՊՈԱԿ-ի տնօրենը եղել է Արեգ Սավգուլյանը, որը Աղաջանյանի փոխանցմամբ, այս պահին ազատված չէ պաշտոնից, սակայն իրավիճակով պայմանավորված լիազորությունները կասեցվել են։ Մեղավորության բացակայության պարագայում Սավգուլյանը կվերականգնվի իր պաշտոնին, հակառակ դեպքում՝ համապատասխան իրավական հետեւանքները տեղի կունենան։

Աղաջանյանի տեղեկություններով, այլ պաշտոնյաներ, այս գործում ընդգրկված չեն։ Նրա խոսքով՝ այս գործը դեռեւս 2019 թվականից քննչական մարմիններում է, հետեւաբար, որոշակի գործընթաց տեղի ունեցել է։ «Իմ ունեցած տեղեկությամբ՝ Սավգուլյանը բազմաթիվ անգամ հրավիրվել է հարցաքննության»,- եզրափակեց Աղաջանյանը։