Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսել: Նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, թե հաջորդ տարի Երևան քաղաքում ունենալու ենք ամբողջովին ներդրված Պարեկային ծառայություն, ոստիկանապետը դրական պատասխան տվեց:

Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ հիմա արդեն իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերին կմեկնարկի հնգամսյա դասընթացի փուլ: Նախարարը նշեց նաև, որ մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հնարավորությամբ: «Պարեկային  ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը նախատեսված է ձեռք բերել աշնան ընթացքում»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ընդհանուր բարեփոխման համար միջոցներ բյուջեով չեն նախատեսվել և տրամաբանությունն այն է եղել, որ կնախատեսվեն ըստ անհրաժեշտության:

«Հիմա այդ անհրաժեշտության առաջին փուլն է, որտեղ տեղի է ունեցել մրցույթ, ընտրվել է մատակարար և նախատեսվում է համաձայնագիր կնքվել, ընդհանուր գումարը կոնկրետ այս միջոցառման համար 1 միլիարդ 932 միլիոն դրամ է: Պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է նախագծերով, և այս դեպքում այն լուծումն է տրվել, որը բխել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ ԵՄ-ի հետ ունեցած մեր քննարկումների տրամաբանությունից, որի շրջանակներում նախատեսվում է, որ մենք ԵՄ-ից դրամաշնորհ կստանանք և դրա հաշվին կավելացվի նաև պահուստային ֆոնդը»,-ասաց նա: