«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, որոնք թույլ կտան առանց արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու պահպանել գործող սահմանափակումները։

«ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ՝ «ԱՆՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ» ԸՆԹԱՑՔՈՒՄ

Մայիսից ի վեր իրավաբանները

բարձրաձայնում են, որ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել՝ համավարակի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումները «սովորական օրենքներ» տեղափոխելու ճանապարհով։ Այդ «սովորական օրենքները» նույնպես մատնանշվում էին՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքները, որոնք գործում են դեռ 1990-ականներից։

Եվ ահա իշխող քաղաքական ուժը ամիսներ անց, լիուլի օգտվելով արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված բոլոր հնարավոր «բարիքներից» (հավաքների տոտալ արգելքի պայմաններում հանրաքվեի չեղարկում, Սահմանադրության մեջ հակասահմանադրական եղանակով կատարված խայտառակ փոփոխություն, ՍԴ-ում ճգնաժամի ստեղծում, առանց պատշաճ հանրային քննարկման Լանզարոտի կոնվենցիայի վավերացում և այլն, և այլն, և այլն), վերջապես որոշել է գնալ միակ ռացիոնալ ճանապարհով, առկա սահմանափակումների մեծամասնությունը տեղափոխել «սովորական օրենքներ» և սեպտեմբերի 11-ից հետո այլևս չերկարացնել արտակարգ դրության ժամկետը։ Նոր իրավական ռեժիմը կոչվելու է «կարանտին», և հավանաբար այն գործելու է հենց սեպտեմբերի 11-ից։ Մինչ այդ, օրենքների փաթեթն ընդունելու համար, վաղը՝ սեպտեմբերի 4-ին, գումարվում է ԱԺ արտահերթ նստաշրջան։

Թվում է՝ ամեն ինչ կարգին է։

Բայց արի ու տես՝ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Օրենսդրական փաթեթը ներառում է նաև փոփոխություններ վարչական դատավարության կարգավորումներում՝ սահմանելով, որ «կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերով» դատարան դիմելու ժամկետն ընդամենը ՏԱՍՆ ՕՐ Է։ Այս խրթին ձևակերպումը նշանակում է, որ, օրինակ, «դիմակի տուգանքը» կարող է դատարան բողոքարկվել ոչ թե 2 ամսում, այլ 10 օրում։

Պարզից էլ պարզ է, որ սա դատական պաշտպանության իրավունքի լուրջ սահմանափակում է, որը «տուգանքի մատերիալի» վերածված շատ ու շատ քաղաքացիների փաստացի զրկելու է դատարան դիմելու ու արդարությունը վերականգնելու իրական հնարավորությունից։

Համարում եմ, որ սա իշխող քաղաքական ուժի հերթական անբարեխղճությունն ու «դաղալությունն է»։ Հուսով եմ՝ վաղը Ազգային ժողովում ընդդիմությունն այս հարցը կբարձրացնի»,- գրել է նա։