ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը: Այս մասին հայտնում են

Սեպտեմբերի 3-ի առավոտյան Իշխան Սաղաթելյանը եւ Աշոտ Սիմոնյանը, ընկերակցությամբ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Հավաթյանի եւ Մելիք Գարագավորյանի, այցելեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն առաջին հերթին ներկայացրեց «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի մանրամասները եւ շեշտեց ստեղծված ճգնաժամում Լիբանանի հայ համայնքին սատար ու զորավիգ լինելու՝ ՀՅԴ հայաստանյան կառույցի ամբողջական պատրաստակամությունը։

Վեհափառ հայրապետը բարձր գնահատեց Գերագույն մարմնի նախաձեռնությունը՝ հաստատելով,  որ այս օժանդակությունը, անկախ նյութական արժեքից, ունի բարոյական խորիմաստ նշանակություն եւ գործնականում ապացուցում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հարազատ դրսեւորումը։

Ի. Սաղաթելյանը  երախտագիտությունը հայտնեց Արամ Ա կաթողիկոսին՝ լիբանանահայ համայնքի հանդեպ ունեցած հոգատարության ու գուրգուրանքի, ինչպես նաեւ լիբանանահայության վերականգնման համար վեհափառի նախաձեռնած ու հովանավորած համահայկական նվիրահավաքի աշխատանքի համար, որին արձագանքել  են Հայաստանը, Արցախը եւ արտերկրի բոլոր համայնքները։ Այս առիթով Արամ Ա վեհափառը շեշտեց լիբանանահայ համայնքի վերականգման անհրաժեշտությունը եւ դրա համահայկական դերակատարության կարեւորությունը՝ հաստատելով, որ Մերձավոր Արեւելքի երկրների հայ համայնքները տակավին մեծ առաքելություն ունեն մեր ժողովրդի համահայկական եւ համազգային տեսլականների իրականացման գործում։ Հետեւաբար, նա շեշտեց, որ համայնքների դիմագրաված մարտահրավերների հաղթահարումը եւ այդ աշխատանքի հանդեպ ցուցաբերված համահայկական զորակցությունն ունեն կենսական նշանակություն։

Հանդիպումը առիթ էր նաեւ խորհրդակցելու ՀՀ-ի եւ Արցախի հրատապ խնդիրների մասին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը Վեհափառին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական կացության վերաբերյալ կուսակցության տեսակետներն ու դիրքորոշումները։ Կաթողիկոսը, իր հերթին, անհրաժեշտ համարեց հայրենիք-սփյուռք հարաբերությունների առողջ ու նպատակաուղղված հունավորումը եւ այդ շրջանակում աշխատանքային գործադաշտերի լայն հնարավորությունների ստեղծումը։