Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով սահմանեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի եւ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ եւ 10.1-ին հոդվածների կիրարկման անհրաժեշտությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները: Օրենսգրքով սահմանված են պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց իրականացման ընդհանուր սկզբունքները, կիրառման հիմքերը, ինչպես նաեւ դադարեցման հիմքերն ու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Մինչդեռ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ինստիտուտի ներդրման օրվանից առ այսօր պաշտպանության միջոցների իրականացման կարգը եւ պայմանները որեւէ օրենսդրական ակտով չեն սահմանվել:

«Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածով Կառավարությանը հստակ լիազորություն է վերապահվել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը, իսկ 10.1-ին հոդվածով հստակ սահմանվել են քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության տեսակները:

Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ պաշտպանվող անձի եւ պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձեւը: Նախատեսվում է նաեւ «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակներում որոշման գործողությունը տարածել նաեւ քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը եւ ապահովել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների եւ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը: