Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանից:

Նշենք, որ քննիչը միջնորդել էր նրան կալանավորել երկու ամսով. մինչդատական վարույթում նախնական կալանքի առավելագույն ժամկետը հենց երկու ամիսն է, որից հետո կարելի է միջնորդություն ներկայացնել կալանավորումը երկարաձգելու համար:

Պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ որոշման հիմքերին դեռեւս չի հասցրել ծանոթանալ եւ այդ մասին կարող է խոսել ծանոթանալուց հետո միայն, բայց կանխատեսելի է, որ որոշումը կբողոքարկի:

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մալաքյանին ձերբակալելու որոշումը։

Մալաքյանն այս պահին դեռ դատարանում է, առաջիկայում նրան կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ:

Մալաքյան եղբայրները, հիշեցնենք, ձերբակալվել են օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, երբ Կասկադում նրանց ու ոստիկանների միջեւ վիճաբանություն էր եղել: Երեկ արդեն նրանց մեղադրանք էր առաջադրվել, եւ կալանավորման միջնորդություններ էին ներկայացվել դատարան: Պաշտոնական տվյալներով՝ երկու եղբայրները, խախտելով հասարակական կարգը, տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, մյուսը՝ բռունցքով հարվածել ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:

Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց լուսանկարներ, որոնցում երեւում էր, որ վնասվածքներ են ստացել նաեւ Մալաքյանները: Այդ դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել: