Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 00:49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes ML430» (վարորդ՝ Հայկ Հ․, ծնված 1992 թ.) եւ «Mercedes E320» (վարորդ՝ Արմեն Ե․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes ML430» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Գուրգեն Ա․-ն (ծնված 1994 թ.), Էդուարդ Ս․-ն (ծնված 1994 թ.) եւ Հովհաննես Հ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։