Թուրքիան արեւելյան Միջերկրածովում ռազմական առճակատման ռիսկի է դիմում, քանի որ իշխանությունը գերադասում է դիվանագիտությունից, Reuters-ին տված հարցազրույցում ասել է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ահմեդ Դավութօղլուն, որի «հարեւանների հետ զրո խնդիր» սկզբունքը նախկինում Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի հետ Անկարայի հարաբերությունների առանձնահատկություններից էր, անցյալ տարի լքեց իշխող «Արդարություն եւ զարգացում»-ը, որպեսզի ստեղծի մրցակից «Գելեչեկ» (ապագա) կուսակցությունը:

Դավութօղլուն քննադատել է նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ավտորիտարիզմի հակումը եւ կառավարությանը մեղադրել է մի շարք, այդ թվում՝ տնտեսական, կորոնավիրուսի դեմ պայքարի եւ Միջերկրական ծովի արեւելքում աճող լարվածության խնդիրները սխալ լուծելու մեջ։

Անցյալ ամիս Թուրքիան ֆրեգատների ուղեկցությամբ հետախուզական նավ էր ուղարկել նավթ եւ գազ որոնելու այն ջրերում, որոնց հավակնում է Հունաստանը: Աթենքն այդ քայլն անօրինական է անվանել:

Եվրամիությունը, որը սատարում է ԵՄ անդամ Հունաստանին եւ Կիպրոսին, փոքր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ, եւ հունական ու թուրքական ռազմանավերի բախումն ընդգծել է ռազմական լարվածության հավանականությունը:

Դավութօղլուն ասել է, որ Անկարան դժգոհ է տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր ծովի հանդեպ Հունաստանի հավակնություններից, սակայն հավելել է, որ Էրդողանի մոտեցումը մեծ ռիսկեր է պարունակում: «Ցավոք, մեր կառավարությունը չի կատարում պատշաճ դիվանագիտական գործողություններ»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ եթե եւ Հունաստանը, եւ Թուրքիան դիվանագիտության փոխարեն նախընտրեն «ուժի կիրառումը», «ցանկացած պահի ցանկացած ճգնաժամ կարող է բռնկվել եւ սրվել»:

Նրա կարծիքով, Թուրքիան պետք է հստակ ասի Եվրամիությանը. «Եկեք նստենք սեղանի շուրջ»: Անկարան պետք է երկխոսություն սկսի Աթենքի հետ՝ «բոլոր խնդիրները քննարկելու եւ լարվածությունը թուլացնելու համար»: