Իրանական Iran Bazi ընկերությունը ստեղծել է սեղանի խաղ, որի սյուժեն հիմնված է այս տարվա հունվարին իսլամական հանրապետության լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար «ահաբեկչական Ամերիկայից» վրեժ լուծելու վրա: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը:

Severe Revenge («Դաժան վրեժ») կոչվող խաղի արտադրողն այն խորհուրդ է տալիս որպես ընտանեկան խաղ` 10 տարեկանից բարձր անձանց համար:

Iran Bazi ընկերությունը գլուխկոտրուկը ներկայացրել է որպես խաղ, որի ժամանակ պետք է մտածել՝ ինչպես վրեժ լուծել «ահաբեկչական Ամերիկայից». նման խաղի նպատակը հետևյալն է՝ «ընտանիքները և երիտասարդությունն անգամ զվարճանալու և հանգստի պահին իրենց ժամանակն ու էներգիան պետք է տրամադրեն թշնամու դեմ պայքարին»:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում: Մահացու հարձակումը ծրագրել էր ամերիկյան կողմը, Թեհրանը խոստացել էր համարժեք պատասխան տալ: