Բեյրութի նավահանգստի տարածքում դեռեւս պայթյունավտանգ նյութեր են մնում, մաքսային ծառայությանը դրանք Լիբանանի մայրաքաղաքից հանելու հայտ է ուղարկվել, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասել է ծովային նավահանգստի տնօրեն Բասեմ Քեյսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մինչ այժմ նավահանգստում պայթյունավտանգ նյութեր են մնում: Մենք նամակ ենք ուղարկել իրավասու մարմիններին եւ պահանջել ենք մաքսային ծառայությունից դրանք դուրս բերել», — Քեյսիի խոսքերն է մեջբերում «Էլ Նաշրա» լիբանանյան ինտերնետային լրատվական պորտալը:

Բեյրութի նավահանգստի տնօրենը նաեւ հայտնել է, որ մտադիր է երկուշաբթի դատական հայց ներկայացնել նավահանգստից դեռ չհանված պայթուցիկ նյութերի չպարզված տերերի դեմ։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն էր որոտացել: Ավերվել կամ վնասվել էին հարյուրավոր տներ եւ մեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ էին կոտրվել, որոշ շենքեր ամբողջությամբ փլուզվել էին: Իշխանությունների խոսքերով՝ պայթյունի պատճառը 2014-ին մաքսային ծառայության կողմից բռնագրավված եւ պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Զոհվել է 190 մարդ, ավելի քան 6000 մարդ վիրավորվել է: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի է ճանաչվել, քաղաքում մինչեւ սեպտեմբերի 19-ը արտակարգ դրություն է մտցվել: