Վաշինգտոնում Բելգրադի ու Պրիշտինայի բանակցություններում Միացյալ Նահանգները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ինչպես հայտնել է Սերբիայի ֆինանսների նախարար Սինիշա Մալին, որը սերբական պատվիրակության անդամ է, «հանրապետության ղեկավարի վրա լուրջ ճնշում է գործադրվում», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ստացել ենք ամենավատ փաստաթուղթը Պրիշտինայի հետ բանակցությունների մեկնարկից ի վեր: Այնտեղ կար 16 կետ, որից տասներորդը ենթադրում է երկկողմ ճանաչում: Ներկա գտնվող 20 մարդկանցից, ոչ միայն ալբանացիներից, մեր յուրաքանչյուր խոսքին հաջորդում է շատ ագրեսիվ արձագանք մեր դեմ: Տնտեսական թեմաները շատ քիչ են»,- Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է Մալին, փոխանցում է «Вечерне новости» թերթը։

«Մեծ ճնշում, դրանք շատ ծանր թեմաներ են մեզ համար: Նախագահ Վուչիչը պայքարում է, բայց տեսնենք՝ կդիմանա արդյոք նա: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, ինչպես ասաց նախագահը, հանձնվելը տարբերակ չէ»,- ասել է նախարարը՝ բանակցություններում դադարի ժամանակ:

Սինիշա Մալիի խոսքերով՝ սերբական պատվիրակությունը պատրաստվում էր խոսել տնտեսական թեմաներով. «Դա մեր հարթակն էր, եւ այստեղ դուք ստանում եք թիվ 10 կետը, որը ենթադրում է փոխադարձ ճանաչում: Մենք պայքարում ենք յուրաքանչյուր նախադասության եւ բառի համար, բայց փաստաթղթում առկա որոշ բաներ անընդունելի են, եւ վերջ»,- նախարարի խոսքերն է մեջբերում Tanjug գործակալությունը: