Վաշինգտոնը որոշել է մի շարք սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի տարածքում Չինաստանի դիվանագետների գործունեության համար: Մասնավորապես, ինչպես չորեքշաբթի օրը ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Չինաստանից դիվանագիտական աշխատողները այժմ պետք է Պետդեպարտամենտից հատուկ թույլտվություն ստանան համալսարաններ այցելելու եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, այժմ չինացի դիվանագետներին հատուկ թույլտվություն կպահանջվի դիվանագիտական հաստատությունների սահմաններից դուրս «ավելի քան 50 մարդ հանդիսատեսով մշակութային միջոցառումներ» անցկացնելու համար: «Պետդեպարտամենտը նաեւ քայլեր կձեռնարկի ապահովելու համար, որ դեսպանության եւ հյուպատոսությունների բոլոր պաշտոնական հաշիվները պատշաճ կերպով նշվեն որպես ՉԺՀ կառավարության հաշիվներ»,- հավելել է Պոմպեոն:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդ գործողություններն անվանել է «Պեկինի կողմից ամերիկացի դիվանագետների հանդեպ սահմանված չափազանց մեծ սահմանափակումներին ուղղակի պատասխան»: «Երկար տարիներ ՉԺՀ-ն երկրում աշխատող ամերիկացի դիվանագետների առջեւ լուրջ խոչընդոտներ է դրել, որոնք դուրս են գալիս դիվանագիտական նորմերի շրջանակներից: Ամերիկացի դիվանագետների կողմից մշակութային միջոցառումներ անցկացնելու, պաշտոնական հանդիպումներ կազմակերպելու եւ համալսարանական կամպուսներ այցելելու փորձերին անընդհատ խոչընդոտում են»,- ասել է Պոմպեոն:

Ընդ որում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Չինաստանի դիվանագիտական աշխատողների նկատմամբ նոր պահանջներից հրաժարվելու պատրաստակամության մասին՝ Պեկինի կողմից նմանատիպ գործողությունների դեպքում: «Եթե ՉԺՀ-ն վերացնի ԱՄՆ դիվանագետների նկատմամբ սահմանված սահմանափակումները, մենք պատրաստ ենք փոխադարձաբար պատասխանել»,- ասել է նա: