ՀԷԿ-երի, հանքարդյունաբերության ու Ղարաբաղ տելեկոմի մասին անընդհատ շրջանառում են դրանք պետականացնելու գաղափար, բայց մենք տեսել ենք սոցիալիստական պետություն հարուստ հանքարդյունաբերությամբ, որը փլուզվեց, պետական կառավարումը չի արդարացնում իրեն այս առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ դժգոհություններ կան ՀԷԿ-երի և ընդերքը շահագործողների նկատմամբ վարած հարկային քաղաքականությունից, ինչ քաղաքականություն է վարելու այդ առումով:

Ինչ վերաբերում է հարկային դաշտին, ապա, ըստ նախագահի, Արցախում և Հայաստանում գործում են միջազգային չափանիշներին համապատասխանող հարկային օրենքներ. «Ավելի շատ հարկային բեռ դնելը նշանակում է առաջացնել ավելի մեծ խնդիրներ: Այսօր հանքարդյունաբերությամբ զբաղվող որևէ ընկերություն չունի արտոնություն: Պետությունն ունի գործիքակազմ: Երբ ասում են ՀԷԿ-երը պետականացնելու մասին, պետք է հիշեն, որ պետությունը չունի 500 մլն փող չունի ներդրումներ անելու համար: Այդքան գումար ունենանք՝ կավելացնենք թոշակներն ու նպաստները, ինչու ենք ՀԷԿ կառուցում: Այնտեղից ստանում ենք շահութահարկ, այդ համակարգում 2200- 2400 աշխատող կա: Հարկային ամենաբարձր բեռն է բոլոր ուղղություններով ու ընկերությունները չեն օգտվում արտոնություններից»: