«Կարծում եմ, որ կառավարությունը պետք է ճանապարհ ընկնի և հրաժարական տա. ամենալավագունը դա կլինի, որովհետև մեկը չէ, երկուսը չէ: Ամբողջ կառավարությունն այսօր համատապասխան տեղում չի գտնվում և համապատասխան միջոցներ չի ձեռնարկում երկիրը կառավարելու համար… Մենք տեսնում ենք, որ սովորական գործավարություն, հրաման գրել, որոշում կազմել չգիտեն»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով պարգևավճարների աղմկոտ թեմային՝ Փոստանջյանն ասել է, որ, ըստ իրենց ունեցած փաստական տվյալների, պետական պաշտոնյաները ստացել են 100 մլն դոլարից ավելի պարգևավճար:

«Սա խոսում է այն մասին, որ այս պաշտոնյաները զարտուղի ճանապարհով մտել են մեր պետության բյուջեի մեջ: Հիմա հիմնավորում են, որ այս պարգևավճարները նրանց տրամադրում են, որ կոռումպացված չլինեն: Այսինքն՝ սա նշանակում է, որ դուք ի սկզբանե մարդիկ եք հրավիրել պետական բարձրաստիճան պաշտոններում աշխատանքի, որոնք կոռուպցիոն հակումներ ունեն, բայց ստիպված նրանց պարգևավճար եք տալիս, որ կոռուպցիոն գործարքների մեջ չլինեն»,- ասել է Փոստանջյանը: