«Դուք հրաժարվել էիք պաշտոնապես հանդիպել Արթուր Վանեցյանի հետ՝ չնայած մամուլը գրեց, որ ոչ պաշտոնական հանդիպում, այնուամենայնիվ, ունեցել եք: Ձեր մամուլի խոսնակն ընդգծել էր, որ Ձեզ համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»,- դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ասուլիսի ժամանակ հարց հնչեցրին լրագրողները:

«Ըստ էության, ցանկացած հարց՝ այդ թվում պաշտոնական հանդիումները, համաձայնեցվո՞ւմ են ՀՀ վարչապետի հետ»,- շարունակեց լրագրողը: Արայիկ Հարությունյանն ասաց, որ պաշտոնապես չի հանդիպել Վանեցյանի հետ. «Եկեք չկարևորենք՝ որևէ գործչի հանդիպել ենք, չենք հանդիպել, ինչ ենք խոսել, չենք խոսել: Հաստատ ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, այսինքն՝ մենք խոսում ենք բանակի, սպառազինության, տնտեսական և այլ ծրագրերի մասին. ներքաղաքական թեմաներ չենք քննարկում: Իհարկե, կարող է մեկ-մեկ հարցնենք՝ ինչ կա-չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պետք է խոսենք: Չհանդիպելը որևէ կապ չունի՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք, չենք քննարկել… Պաշտոնապես չենք հանդիպել, բավարարվեք այդքանով»,- հայտարարեց Արցախի նախագահը: