«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային հանդիպումները շարունակվում են, քննարկվում գյուղտնտեսության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև վարկերի և դրանց տոկոսների հետ կապված, կրթության, գիտության ոլորտում, մասնավորապես՝ հայկական արժեքների պահպանման վերաբերյալ առկա խնդիրները։ Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Մենք տեսանք, թե ինչ խնդիրներ առաջացան՝ կապված ուսման վարձերի հետ․ Արտակարգ դրության ժամանակ ուսանողների վարձերը ոչ մի լումա չնվազեցին, ավելին՝ որոշ տեղերում ավելացան, և ուսանողները ստիպված են ամբողջ ծավալով մուծել վարձերը՝ այն պարագայում, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից»,- ասաց նա:

Արման Աբովյանը նշում է, որ այսօր կարևորագույն սոցիալական ոլորտն է․ գյուղացիներն ունեն բավականին լուրջ խնդիր գյուղմթերքի իրացման և անասնապահության հետ կապված, և այդ չլուծված խնդիրների պատճառով այսօր կանգնած են օրվա ապրուստը վաստակելու խնդրի առջև:

Պատգամավորի խոսքով՝  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք անցկացնելու է, սակայն չնշեց, թե արդյո՞ք այլ քաղաքական ուժեր կներգրավվեն, թե՝ ոչ։

Հարցին, թե արդյո՞ք «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հետ մշտապես հանդիպումներ ընթանում են և նրանք կմիանա՞ն հանրահավաքին, Արման Աբովյանը չցանկացավ պատասխանել և նշեց, որ բացի կուսակցության վերջին հայտարարությունից՝ ոչինչ չի կարող ավելացնել։

Հարցին՝ քննարկվելու է արդյո՞ք Կառավարության հրաժարականի հարցը, Արման Աբովյանը նշեց. «Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք: Բավականին լուրջ խնդիրներ կան համավարակի հետ կապված, քանի որ  պայքարը անարդյունավետ է։ Այն ամենը, ինչը պետք է արվեր, որ վարակի տարածումը կանխարգելվեր,  չի արվել․ հազարից ավել մահերը դրա ցայտուն գնահատականն են: Բոլոր օրհասական թեմաները մեր կողմից ներկայացվելու են, ոչ մի թեմա չի վրիպելու մեր քաղաքական օրակարգից»։ Աբովյանը հիշեցրեց նաև, որ «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հետ համատեղ դիմել են դատարան՝ վիճարկելու դիմակ չկրելու համար կիրառվող տուգանքները և կասեցնելու պարետի՝ պարտադիր դիմակ կրելու մասին որոշումը։