ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:

Ավելի վաղ Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը պատմել էր, որ ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 30-ին կասկադում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Փաստաբանը հրապարակել էր նաև ծեծի ենթարկված ֆուտբոլիստների լուսանկարները: