«Հրապարակ» թերթը գրում է. «Պետության տնօրինմանը հանձնված «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ։ Հիշեցնենք, որ հարկայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը՝ «իրեն հանգիստ թողնելու դիմաց», 2019-ի սեպտեմբերին իրեն պատկանող հյուրանոցը նվիրաբերեց պետությանը, որը իշխանությունը մինչեւ հիմա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ՝ իրացնել։

Մինչեւ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցը երկու անգամ աճուրդի հանվեց, սակայն գնորդ չգտնվեց։ Հետո սկսվեց համավարակը, եւ Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը դարձավ քովիդով հիվանդների մեկուսացման վայր։ Այսօր դարձյալ այն դատարկ է եւ չի էլ շահագործվում։ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը մեզ ասաց, որ մտադիր են երրորդ անգամ հյուրանոցն աճուրդի դնել։

Բայց դեռ անհայտ է թե՛ աճուրդի օրը, թե՛  նախնական գինը։ Բաբայանն ասաց, որ հյուրանոցով հետաքրքրվողներ կան, սակայն համավարակի պատճառով չեն կարողացել գալ-տեսնել հյուրանոցը, որովհետեւ հավանական գնորդները դրսից են, օրինակ՝ չինացի գործարար։ Հայաստանից հետաքրքրվողներ չկան։ Փաստորեն, մեկ տարի է՝ իշխանությունը չի կարողանում պետությանը նվիրաբերված գույքն արդյունավետ տնօրինել, մինչդեռ դրա՝ մասնավորի կողմից շահագործվելու դեպքում պետությանը հսկայական հարկեր էին վճարվում, տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ապահովվում՝ չհաշված մեծ թվով աշխատատեղերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում