Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաքյանների շահերի պաշտպան Գոռ Միքայելյանը և հավելել․

«Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: Այդ առիթով փաստաբան 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին (փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին)»:

Նա նաև հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը՝ նշելով.

«Դուք՝ ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար:
Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Երևանի Կասկադում օգոստոսի 30-ին՝ ժամը 23:15-ին, ֆուտբոլիստ եղբայրների կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպք էր արձանագրվել։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել էին տուժող, հարցաքննվել էին մի շարք անձինք, առգրավվել էին տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: