Shamshyan.com-ի տեղեկություներով՝ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։

Կայքի հաղորդմամբ՝ օգոստոսի 31-ին ժամը 22։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի եւ դեմքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ քաղաքացի։

Պարզվել է, որ վիրավորը Ախթալա քաղաքի բնակիչ 71-ամյա Վարդան Բ․-ն է, ով հայտնել է, որ իրենց տանը անհայտ իրի հետ աշխատելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով ինքը վնասվածքներ է ստացել։

Պարզվել է, որ այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Ջիլիզա գյուղի իրենց տան նկուղում հին իրերի դասավորման ժամանակ նկատել է հանգուցյալ հոր՝ Վասիլ Բ․-ին պատկանող, վերջինիս կենդանության ժամանակվանից տանը մնացած, մետաղյա կլորավուն դետալը, ինչի նկատմամբ դեռեւս տարիներ առաջ Վարդան Բ․-ն, ունեցած հետաքրքրությունից դրդված՝ գլխիկի մետաղյա թիթեղը պտտելով փորձել է քանդել, արդյունքում առաջացել է պայթյուն, որի հետեւանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքը:

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ։