Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) գնման շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է ընդհանուր առմամբ խաթարել Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները: ԱՄՆ վարչակազմին չորեքշաբթի օրը նման նախազգուշացում է արել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օքթայի տեսակետից՝ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Թուրքիան, պահպանվում է «հստակ հրթիռային սպառնալիք»: Այս առումով, եւ «հաշվի առնելով դաշնակիցների, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից այլընտրանքային առաջարկների ցավալի բացակայությունը», Թուրքիան ժամանակին «С-400 համակարգեր ձեռք բերելու ինքնիշխան որոշում է կայացրել», հայտարարել է փոխնախագահը: «Ամերիկյան վարչակազմը շատ լավ գիտի այս փաստի մասին»,- նշել է Օքթայը: «Դա նախագահ Թրամփը բազմիցս խոստովանել է»:

«Ուստի մենք պետք է շարունակենք մեր երկխոսությունն այս հարցի շուրջ եւ հաղթահարենք տարաձայնությունները այնպես, որ համատեղելի լինի մեր տասնամյակների կապերի հետ: Հակառակ դեպքում դա ոչ միայն հետագայում կխաթարի մեր հարաբերություններն ընդհանուր առմամբ, այլեւ կազդի ԱՄՆ-ի, որպես ռազմական արդյունաբերության հուսալի գործընկերոջ, ընկալման վրա»,- ասել է Օքթայը:

Նա ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրել է ամերիկյան կողմի վրա: «Այս փակուղին նաեւ անմիջական արդյունք է այն բանի, որ Վաշինգտոնում որոշ քաղաքական շրջանակներ լիովին չեն հասկանում մեր ռազմավարական դաշինքի լիարժեք նշանակությունը, ինչպես նաեւ Թուրքիայի ներդրումը տարածաշրջանային եւ գլոբալ կայունության մեջ»,- ասել է փոխնախագահը:

Բացի այդ, նա հայտնել է, որ, Անկարայի կարծիքով, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը վատթարանում է: Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության վատթարացումը խիստ մտահոգիչ է»,- ասել է Օքթայը: Ըստ նրա, Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրությունից հանելու ԱՄՆ-ի որոշումը թունավորում է հարաբերությունները՝ նույնիսկ չհիշատակելով Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն մասնակի չեղարկելու ԱՄՆ-ի որոշումը: