Սաուդյան Արաբիան թույլ է տվել «բոլոր երկրներից» ինքնաթիռներին հատել իր օդային տարածքը` Արաբական Միացյալ Էմիրություններ հասնելու համար: Դա տեղի ունեցել օրեր անց այն բանից հետո, երբ թագավորությունը թույլ տվեց իսրայելական առաջին կոմերցիոն ուղեւորատար ինքնաթիռին ուղիղ չվերթ իրականցնել իր օդային տարածքով դեպի ԱՄԷ, հայտնում է AP-ն:

Հայտարարության մեջ նշված չեն Ռիադի մրցակից Իրանն ու Քաթարը, որոնց Սաուդյան Արաբիան այժմ բոյկոտում է: Ակնհայտ է, որ սա Իսրայելից ԱՄԷ կոմերցիոն թռիչքների մեկնարկ է նշանակում, քանի որ երկու երկրների միջեւ ցանկացած ուղիղ թռիչք պետք է օգտագործի Սաուդյան Արաբիայի օդային տարածքը` կոմերցիոն առումով կենսունակ լինելու համար:

Սաուդյան մամուլի գործակալությունը հայտարարել է, որ այդ քայլը պատասխան է դարձել դեպի երկիր եւ դրանից դուրս թռիչքներ իրականացնելու «ԱՄԷ-ի հայտին»:

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական եւ փեսա Զարեդ Քուշներն իսրայելական բարձրաստիճան պատվիրակության հետ թռել էր ԱՄԷ  երկու երկրների միջեւ առաջին կոմերցիոն ուղեւորատար ուղիղ չվերթով: Ինքնաթիռը հատել էր Սաուդյան Արաբիայի օդային տարածքը:

Սաուդյան Արաբիայի հայտարարությունից անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական ինքնաթիռներն ու թռիչքները բոլոր մյուս երկրներից կարող են անմիջապես Իսրայելից թռչել Աբու Դաբի եւ Դուբայ: Նա չէր նշել Սաուդյան Արաբիան, սակայն Իսրայելից ուղիղ թռիչքը Սաուդյան Արաբիայի օդային տարածքի հատում է ենթադրում: «Դա կնվազեցնի թռիչքների արժեքը, կկրճատի ժամանակը, զգալիորեն կընդլայնի զբոսաշրջությունը, կօգնի զարգացնել մեր տնտեսությունը»,- ասել է Նեթանյահուն իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում: «Սրանք իրական խաղաղության պտուղներ են»,- հավելել էր նա: